ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն Իրանի հետ հրադադարի ռեժիմի ավարտի կոնկրետ ժամկետ չի սահմանել՝ հայտարարել է Սպիտակ տունը: Հրադադարի ժամկետների վերաբերյալ վերջնական որոշումն ընդունելու է անձամբ Թրամփը, և այժմ նա սպասում է իրանական ղեկավարության «միասնական պատասխանին»՝ խաղաղության համաձայնագրի համար ԱՄՆ-ի առաջարկած պայմանների առնչությամբ:               
 

Բաց նամակ Ռուբեն Վարդանյանին՝ հայաստանյան բանտից

Բաց նամակ Ռուբեն Վարդանյանին՝ հայաստանյան բանտից
23.04.2026 | 12:02

Հարգելի՛ Ռուբեն:

Ցավով եմ հետևում այն կցկտուր տեղեկություններին, որոնք երբեմն հայտնվում են լրատվական ալիքներով՝ Բաքվում ապօրինի պահվող հայ ռազմագերիների մասին։ Չնայած նրան, որ ես գտնվում եմ հայկական բանտում, կարող եմ ասել, որ իմ կարգավիճակն ինչ-որ չափով նման է ռազմագերու վիճակին։

Մի քանի օր առաջ լուրերով հայտնեցին, որ Բաքվի բանտում Ձեզ այցելել է Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպանը։ Ասեմ Ձեզ, հարգելի՛ Ռուբեն, որ արդեն երկու տարի է, ինչ բանտում եմ՝ կեղծ, ապօրինի և ուղղորդված դատավճռի հիման վրա, բայց Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի հետքն անգամ չեմ տեսել։

Ձեր ուղերձը լսելիս հիշեցի հին հայկական ասացվածքը. «Մի տանից չենք, բայց մի հալի ենք»։ Հավատացե՛ք, արդեն շուրջ մեկ տարուց ավելի է, ինչ առողջական լուրջ խնդիրներ ունենալով՝ կենաց ու մահու պայքար եմ մղում հայկական բանտում՝ չմեռնելու համար։

Միգուցե Ձեզ մոտ ստացվի՞ տեսնել կամ տեղեկություն ստանալ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանից։ Մեզ մոտ՝ Հայաստանում, ՄԻՊ-ը միֆի նման մի բան է դարձել. չգիտենք՝ կա՞, թե՞ չկա։ Ասեմ ավելին՝ երևի շուտով Հայաստանում արդարության կույր արձանի կողքին կտեղադրվի մարդու իրավունքների պաշտպանի կույր, խուլ ու համր արձանը։

Ինչևէ, անկախ այս իրավիճակից, հույս ունեմ, որ մի օր արդարությունը կհաղթի։ Իսկ Ձեզ և մեր բոլոր ռազմագերիներին մաղթում եմ առողջություն, համբերություն և շուտափույթ ազատություն։ Հավատում եմ, որ կգա օրը, երբ վերջ կտրվի հայի հանդեպ հալածանքներին՝ լինի դա Հայաստանում, թե մեկ այլ երկրում։

Աստված պահապան:

Արթուր Վալերիկի ՎԱՐԴԱՆՅԱՆ

21.04.2026 թ.

«Արմավիր» ՔԿՀ

Հիշեցնենք, որ ՀԱՊ կուսակցության նախագահ Արթուր Վարդանյանը գտնվում է անազատության մեջ՝ առողջական բավականին ծանր վիճակում։ Նա զրկված է համապատասխան բուժօգնությունից, որը հնարավոր է իրականացնել միայն հիվանդանոցային պայմաններում՝ մասնագետների հսկողության ներքո։ Սակայն պատասխանատու անձանց և կառույցների կողմից մինչ օրս որևէ գործողություն չի ձեռնարկվել. նրանք սոսկ արձանագրում են խնդրի առկայությունը, սակայն լուծում չեն տալիս:

Դիտվել է՝ 283

Մեկնաբանություններ